Կրթահամալիրի կրտսեր դպրոցում գործում է «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որն իրականացվում է նախագծերով:
Ուսումնական նախագծերը կազմելիս ուղղորդվում ենք կրթահամալիրի ուսումնական օրացույցով:
Նախագիծը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ, որը պետք է ներկայացնել տարբեր ֆիլմերի, ֆոտոշարքերի,ընթերցարանների,աուդիոգրքերի միջոցով։ Նախագծերը լինում են կարճաժամկետ և երկարաժամկետ: Որոշ նախագծեր ձգվում են ողջ տարվա ընթացքում, այսինքն` շարունակական են: Նախագիծը պետք է ունենա հստակ ձևակերպված խնդիրներ և նպատակներ, որոնց միջոցով կզարգանան սովորողի մի շարք հմտություններ և կարողություններ: Շատ կարևոր է նախագիծ իրականացնելիս գտնել նոր մոտեցումներ, մեթոդներ և կարողանալ դրանք արդյունավետ կիրառել: Այս ուսումնական տարում իրականացրել ենք և դասարանական, և ընտանեկան նախագծեր: Առաջին դասարանում դասարանական նախագծերը ստեղծվում են դասվարի օգնությամբ, իսկ ընտանեկան նախագծերը իրականացվում են ծնող-սովորող համատեղ գործունեության ընթացքում: Նախագծերի արդյունքում ստեղծված նյութերը դասվարը տեղադրում է դասարանական բլոգի համապատասխան բաժիններում:
Առաջին դասարանում իրականացրել ենք հետևյալ նախագծերը.
«Տիեզերք», «Ես սեբաստացի եմ», «Ես կարողանում եմ» ,«Խնկոյանական օրեր», «Ամանոր», «Ձմեռային ճամբար», «Ուսումնական արձակուրդ», «Թումանյանական օրեր», «Աղայանական օրեր», «Ռոդարիական օրեր», «Զատիկ»,«Իմ գրադարանը»,«Մայրիկատոն»Էլեկտրոնային այբբենարան:
Ավելի մանրամասն ներկայացնեմ «Ռոդարին մեր դասարանում» նախագիծը:
Նախագծի խնդիրներն ու նպատակներն էին ծանոթանալով Ռոդարիի ստեղծագործություններին և սովորողներին ներգրավելով ուսումնական գործունեության մեջ` զարգացնելստեղծագործական երևակայությունը, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունները, ստեղծել խմբային (դասարանական) մեդիանյութեր, մեդիափաթեթներ, «Ռոդարիկ» ընթերցարաններ և աուդիոհեքիաթներ:
Սպասվելիք արդյունքներ՝
Ռոդարիկների ստեղծում
Ռոդարիական մեդիափաթեթի հավաքում և հրապարակում բլոգում
Տևողությունը՝ապրիլի 1-30
Նախագծի ընթացքի նկարագրությունը:
Եթե ցանկանում եք երեխային մտածել սովորեցնել, ապա նախևառաջ հորինել սովորեցրեք: Ջ.Ռոդարի
Գիտենք, որ ամենաշատը երեխաները սիրում են պատմել, հորինել, ստեղծագործել ու երևակայել:Առաջին դասարանում ուսուցման հիմքում բանավոր խոսքն է: Առաջին հերթին սկսեցինք կարդալ թումանյանական,աղայանական հեքիաթներ,բանաստեղծություններ,դրա հետ մեկտեղ սկսեցինք հորինել փոքրիկ պատմություններ,ապա paint նկարչական ծրագրով նկարել մեր հորինածը: Բանաստեղծության,հեքիաթից դուր եկած հատվածները նկարելու հետ նաև սկսեցինք հորինել նոր հեքիաթներ և նկարել դրանք: Ընթերցեցինք ռոդարիական հեքիաթները՝«Շփոթ պապ», «Ալիսա Գլորիկ», «Թարս հարցեր»: Կարդացինք «Շփոթ պապը» հեքիաթը, ձայնագրեցինք և թողարկեցինք մեր դասարանական բլոգի Ուրախիկների Ռադիո բաժնում:Այնուհետև, զարգացնելով հեքիաթը, բաժանեցինք մասերի և նկարչական ծրագրով նկարեցինք,կցեցինք ձայնագրությունը և արդյունքում ստացվեց մեդիահեքիաթ ՝«Շփոթ պապը» : Ռոդարիական հնարքով խառնեցինք մեր իմացած թումանյանական հեքիաթներն իրար, հորինեցինք նոր վերնագրեր, նոր ավարտ,նոր հեքիաթներ, որի արդյունքում էլ ստեղծվեց Հեքիաթների շիլաշփոթ էլեկտրոնային ընթերցարանը: Շիլաշփոթը շարունակվեց, երբ կարդացինք «Ալիսա Գլորիկի» հեքիաթը: Դասարան գլորվեցին մեր հորինած նոր հեքիաթների հերոսները՝Արքայադուստր Ալիսաները: Յուրաքանչյուր սովորողի հորինած հեքիաթից ընտրեցինք հերոսներ, ստվարաթղթով պատրաստեցինք կերպարներ և ամրացրեցինք կենցաղում օգտագործվող ամրակների վրա: Դրանցով դասարանում ամրացնում ենք մեր աշխատանքները: Պատրաստվում ենք այդ կերպարներով ներկայացնել մեդիաներկայացում: Տես նյութը բլոգում:
Գլորիկներին հաջորդեց «Թարս հարցերի» հեքիաթը, որը մեծ ոգևորություն մտցրեց դասարան: Հորինեցինք թարս հարցեր, ձայնագրեցինք և հեքիաթն ամփոփեցինք: Դասարանում հայտարարեցինք թարս ու շիտակ իրերի օր: Բլոգում տես Թարս ու շիտակ ֆոտոշարքը և թարս հարցերը:
Ռոդարիական հնարքներ օգտագործեցինք նաև Զատիկ նախագծով աշխատելու ժամանակ: Հորինեցինք զատիկի մասին հեքիաթ, մուտքագրեցինք, նկարեցինք, ու դարձավ զատկական հեքիաթների ընթերցարան: Բլոգում տես «Զատիկն ու փուչիկը» էլեկտրոնային ընթերցարանը:
«Ռոդարին» միացավ նաև «Ձոն» ստուգատեսին: Պատմեցինք մայրիկների մասին, նկարեցինք մայրիկներին և նրանց համար պատրաստեցինք զանազան բացիկներ, ծաղիկների թաղարներ,ռոդարիական հնարքներ օգտագործեցինք և պարզեցինք, թե ինչից են պատրաստված մայրիկները: Լսեք բլոգում:
Ռոդարիական ստուգատեսի ընթացքում ամփոփվեցին ռոդարիական նախագծի արդյունքները, ստեղծվեցին նոր աշխատանքներ: «Ռոդարին» այն նախագծերից է, որ շուրջտարյա է և արտացոլված է մի շարք նախագծերում: