Ընթերցանություն

pizap.com14604340237911

Աղայանական և ռոդարիական օրերի շրջանակում ընթերցել ենք  Ղ.Աղայանի «Ծառերի գանգատը» ևՋ.Ռոդարիի «Աչքերի գանգատը» հեքիաթները:Քննարկել ենք երկու հեքիաթները, հատվածներիբաժանել, թվարկել, նկարագրել և բնութագրել ենքհերոսներին:

Փորձի՛ր համեմատել երկու հեքիաթների հերոսներին.ի՞նչ նմանություն և տարբերություն ունեին այդ հերոսները: Կարծիքդ գրիր կարծիք բաժնում:

Կարդացեք այստեղ: Առցանց դաս:

Երկու այծ

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա:

   Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար:

   — Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:

   — Ինչու դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:

   — Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:

   — Ներողություն կանես: Գիտես ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:

   Այծերը ճակատ — ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:


 

Ծառերի գանգատը

   Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

   Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

   Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

   Ով չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղողը. և քանի տեսակ կանաչ ու կարմիր, թուխ — թուխ ու սպիտակ, և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

   Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Անգութ-անխիղճ
գանգատ- բողոք,դժգոհություն
պահպանել-պաշտպանել, պահել, հսկել
թուխ-մուգ, սև
հանդ-դաշտ
կահ և կարասիք-տնային առարկաներ, գույք
հերկել-վարել
լուծ- Ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին և դրան
միացնում արորը՝ գութանը:
սամի-Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը:

Մանկական հեքիաթ

Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա, շատ փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.

-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:

-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:
-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:
-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
-Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:
-Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:
-Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:
-Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում:
-Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում:
-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:
-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:
-Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձնից չի վախենում մուկը:
-Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բռնում ինձ կատուն:
-Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Այո, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն եմ, սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ:

Ղ.Աղայան Կենդանիների վեճը

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել:
Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Ամիսներ և չորս եղանակ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։