Ջ.Ռոդարի ՙՀեքիաթներ հեռախոսովՙ աուդիոփաթեթ

Ընտանեկան նախագիծ

Մանե Տոնոյան և մայրիկ

Երկիր,որտեղ  սուր բան չկա

 

 

Աննա Հովհաննիսյան և մայրիկ

Սակալա-պակալա

Գոհար Թաթոյան, մայրիկ և եղբայր

Շղթա

Էրիկ Կակոյան և Շուշան մայրիկ

Ճանապարհորդ կապիկները

Էլեն Պողոսյան և մորաքույր

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են չ-ով

Նարե Թահմասյան և մայրիկ

Աշխարհի ամենալավ մարդը

Արմեն Ուլիխանյան և մայրիկ

Սխալ արձագանք

Անժելա Դադոյան և մայրիկ

Անտակ պարկը

Ընթերցանություն

pizap.com14604340237911

Աղայանական և ռոդարիական օրերի շրջանակում ընթերցել ենք  Ղ.Աղայանի «Ծառերի գանգատը» ևՋ.Ռոդարիի «Աչքերի գանգատը» հեքիաթները:Քննարկել ենք երկու հեքիաթները, հատվածներիբաժանել, թվարկել, նկարագրել և բնութագրել ենքհերոսներին:

Փորձի՛ր համեմատել երկու հեքիաթների հերոսներին.ի՞նչ նմանություն և տարբերություն ունեին այդ հերոսները: Կարծիքդ գրիր կարծիք բաժնում:

Կարդացեք այստեղ: Առցանց դաս:

Գրքից փախած մկան արկածները

Առցանց ուսուցման երրորդ օրը կարդացինք Ջ.Ռոդարիի «Գրքից փախած մկնիկը» հեքիաթը և սկսցեինք հորինել  նոր արկածներ:

Շարունակի՛ր հորինել…

Մկնիկը գնաց պաշար հավաքելու և ճանապարհին գտավ մի փայլփլուն քար: Նա վերցրեց այդ քարը՝ չիմանալով, թե ինչ փորձանք է բերելու իր գլխին: Ճանապարհին հանդիպեց մի հալված մկան, որը քնելու տեղ չուներ:

Տես առցանց դաս:

Պաղպաղակե դղյակը

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
– Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:
Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:
Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:
Այդ օրվանից երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.
-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:

Ալիսա գլորիկ

Ալիսա գլորիկ

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին :Ինչո՞ւ են նրան   «Գլորիկ»  ասում: Որովհետև նա շարունակ գլորվում- ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապիկը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.

_Ալիսա՜… , որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_ Ես իմ…:  Զարթուցիչի մեջ:

Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ:  Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որ  ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:

Մի անգամ էլ պապիկը կանչում է նրան նախաճաշի.

_Ալիսա՜… Որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ՝ շշի մեջ…:

_Ինչպե՞ս  ընկար այդտեղ:

_Ես շատ ծարավեցի, հետո, երբ ուզեցի շշից ջուր խմել, հանկարծ՝ թրը՛մփ… Եվ ընկա մեջը…

Այո՛, նա ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա   շարունակ ոտքերն է շարժում ու թիավարում է ձեռքերով, որպեսզի չխեղդվի: Դեռ լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ: Հենց այդ Սպերլոնգում էլ  ա Ալիսան  սովորել էր գորտի նման լող տալ:

_Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:

Պապիկը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից:  Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է մարմնամարզությամբ պարապելը:

Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապիկն էր նրան փնտրում, և՛ տատիկն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու և այդպիսով քառասուն լիրա տնտեսելու:

_Տեր Աստված, այ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատիկը: -Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:

_Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:  Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով ճանապարհորդելիս  նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն արկղի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել արկղի մեջ, և, իհարկե, գլորվեց ներս: Գլորվեց ու… քնեց փափուկ սփռոցների մեջ:  Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜,  ո՞ւմ մտքով կանցներ, որԱլիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է: Ալիսան  բոլորովին էլ չվախեցավ. Մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր… «Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էր մեկնումեկը մտածել ընթրիքի մասին, երբ Ալիսան կորել էր: Դե իհարկե՝ ոչ-ոք էլ  չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրիկն ու մայրիկը, նրանք բարկացան տատիկի ու պապիկի վրա:

_Այդպե՞ս եք դուք երեխա խնամում:

_Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապիկն ու տատիկը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին ցած ընկնում, բայց դրանից   առանձին վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:  Խեղճ Ալիսան սպասելուց ձանձրացավ, նա մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել հատակը: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»

_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:

Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:

Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը:   Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

Շփոթ -պապը


Շփոթ-պապը

Կար-չկար մի աղջիկ  կար:  Նրա անունը ԴեղինԳլխարկ էր:

_Չէ՛, ԿարմիրԳլխարկ…
_Հա՛, ճիշտ որ, ԿարմիրԳլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Կանաչ գլխարկ…
_Դե՛չէ՛, պապի՛կ, կարմի՛ր, կարմի՛ր գլխարկ:
_Ա՜խ, հա, Կարմիր…  Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և   կարտոֆիլի կճեպներ  տար նրան :
_Չէ՛, «Գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան :

_Դե լավ: Աղջիկը գնում է, գնում հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դիմաց է դուրս գալիս ընձուղտը:
_Է՜… է՜, պապիկ, դու ամեն ինչ խառնեցիր: Նրա դիմաց  գայլն է դուրս գալիս,  ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
_Ճիշտ ես ասում, թոռնի՛կս: Աղջիկը հանդիպում  է գայլին: Այսպես, ուրեմն, գայլը հարցնում է աղջկան՝ վեց անգամ ութն ի՞նչ կանի:
_Ո՛չ, պապի՛կ, գայլը հարցնում է Կարմիր գլխարկին.

_ Ո՞ւր ես գնում, Կարմիրգլխարկ:
_Դու ճիշտ ես, թոռնիկս: Իսկ սեւ գլխարկը պատասխանում է.
_Նա Կար-մի՛ր գըլ-խարկն է, Կարմի՛ր գլխարկը… Կարմիր…
_Դե հա, էլի, կարմիր: Իսկ նա պատասխանում է.
_ Ես գնում եմ շուկա, տոմատի հյութ գնելու:
_Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չէ…  Ես գնում եմ տատիկիս  մոտ: Նա հիվանդ է

ու մենակ: Միայն թե մոլորվեցի անտառում…
_Ճիշտ է: Եվ այստեղ ձի է նստում…
_Ի՞ն չ ձի: Այնտեղ գայլ էր, չէ՞:
_Իհակե, գայլ էր: Դե ահա,  գայլն ասում է.
_Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր աջ, և դուրս կգաս ուղիղ երեքաստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի տուր, իսկ սոլդոն վերցրո՛ւ և պաղպաղակ գնի՛ր:
_Պապի՛կ, դո ւ հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-պապ ես: Իսկ պաղպաղակ դու իսկապես առ ինձ համար:
_Համաձայն եմ. Ահա քեզ մի սոլդո.  շուտ վազիր, գնիր քեզ համար համով, սառը պաղպաղակ…
Շնորհակալ եմ, պապի՛կ… շնոր-հա-կալ եմ…

Կղզի, որը …

Կղզի, որը փուչիկի մեջ էր

Կար չկար մի փուչիկի մեջ կղզի կար :Կղզին շատ փոքրիկ էր փուչիկի մեջ և բոլորը իրար կպած էին քայլում որ քայլելու տեղ լինի:Փուչիկը օր օրի փքրքնում էր և նրանք ստիպված էին իրար վրա քայլել որ տեղ լինի:Նրաք փուչիկը հրեցին բոլոր կողմերից փուչիկը գնալով մեծացավ և նրանք ստիպված չեղան իրարվրա քայլել:  Yana99

 

Յանա Նահապետյան

 

 

Կղզի որտեղ ամեն ինչ պաղպաղակից էր

Կար-չկար մի երկիր կար: Այնտեղ ամեն ինչ պաղպակից էր, մի անգամ  մի երիտասարդ օտարերկրացի գալիս է և զարմանում է, թե ինչու է ամեն ինչ պաղպակից:  Զարմացած հարցնում է մի պաղպակի:

—         Ասացեք խնդրեմ, ինչու է Ձեզ մոտ ամեն ինչ պաղպաղակից:

—         Ժամանակին մենք այնքան պաղպաղակ ենք կերել, որ բոլորս դարձել ենք պաղպաղակ, պաղպաղակիցեն նաև մեզ շրջապատող ամեն ինչը:

—         Իսկ ինձ ցույց  կտաս ձեր քաղաքը:

—         Մեծ սիրով:

Նրանք գնացին և շրջեցին քաղաքում: Տեսան պաղպակից   համակրգիչներ, շորեր, կոշիկներ, ծառեր  և այլն :

—         Քեզ դուր եկավ  մեր քաղաքը:

—         Ես հիացա Ձեր քաղաքով:

—         Կմնաս մեր քաղաքում:

Օտարեկրացին ծանոթանում է այդ քաղաքի հետ և մնում այնտեղ ապրելու:

Նարե Խաչատրյան

paxpaxak

Ջանի Ռոդարի

Թարս հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան  ձանձրացնում էր հարցերով : Հարցեր տալը, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ  դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրա մեջ որևէ բան դնեն. օրինակ՝ սպասքը դանակ պատառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար  են  դարակնեը. բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ շարժում էին գլուխները և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
-Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ  թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է,  որ ոչ  ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին  հուսահատվելով՝ թարս ինչուիկը  տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում էր գտնել նրանց  պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա  այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխաները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. <<Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշերը գարջուր չեն խմում>>:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ, նա չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա հորինում էր նոր հարց.<<Ինչո՞ւ մորուքը դեմք ունի>>:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և կատարեց զարմանալի հայտնագործություն. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ  հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայի՛ր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Սև քթերի կղզին

Մի անգամ, երկրագնդի շուրջ իմ ճանապարհորդությունների ժամանակ, ես այցելեցի Neronia կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչնեը սև քիթ ունենային: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլի մրցավարների համազգեստը:
Սկզբում պտտվելով Neronia-ի ճանապարհներով, կարծեցի, թե Դիմակահանդես էր.մարդիկ բնականոն դեմքեր ունեին` բնականոն գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝վարդագույն.բայց դեմքերի մեջտեղում բոլորը սև քթեր ունեին, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:
Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթը բնականաբար ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.
-Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:
-Պարո՛ն, -ասաց նա, -եթե տեղացի չեք, լավ կանեիք չկատակեիք, եթե օտարերկրացի եք, ընդունեք այս իմ խորհուրդը.անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, ետ գնացեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց ետ նայելու:
-Ես օտարերկրացի եմ, -պատասխանեցի,-բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ ոստիկանների ուշադրությունը գրավելու համար:
-Աստված սիրե՛ք, -բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը աղաչական պարզելով, -նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ կրպակս փակել: Պետք է իմանաք, որ Neronia կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է սև քթեր ունենան:
-Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի որ իր քիթը պիտի սև ներկի:
-Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնացնեն առանց սև քթի, բանտ կնետեն, ցմահ, ու այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:
-Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:
-Ես պանդոկապան եմ, թանկագին պարոն.ես իմ գործով եմ զբաղված: Ամեն իրիկուն հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե քիթս ինչ գույնի է:
Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ քթի գույն ուներ: Մարդիկ, սկզբում, սարսափով լի մի հայացք վրաս նետելուց հետո, ձևացնում էին, թե չէին տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին իրենց պահում, ասես ես գոյություն չունեի, կամ էլ, նայում էին մարմնիս միջով, ասես թափանցիկ լինեի:
Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:
-Քաղաքացի՛, -ասաց ինձ խստորեն,-դուք խախտել եք օրենքը: Հետևեցե՛ք ինձ:
Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջը: Հենց այդ պահին սկսեց անձրևել:
Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որ երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքի միջից:
-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ես ոստիկանին:-Ձեր քիթն ավելի սպիտակ է, քան իմը:
-Ճի՛շտ է,- ասաց մի տղեկ, որը լրագրեր էր վաճառում: -Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:
-Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիքի տեր եմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:
-Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , -գոռացի հավաքվածներին:
-Գնա՛նք թագավորի պալատի մոտ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:
-Գնա՛նք, -գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:
-Արդեն զզվե՛լ ենք էս սև քթերից, -գոռաց ինչ-որ մեկը:
Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Neronia-յում.քիչ ժամերի ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քիթ ունեցող մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեին պահելու:
Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը, երբ արևն էր շողում:

Շների երկիրը

Կար- չկար մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որ ոտից գլուխ կազմված էր իննսունինը տնից, ու ամեն տունը ճաղապատ դռնով մի պարտեզ ուներ, իսկ ճաղի ետևում՝ մի հաչող շուն:
Ֆիդոն, օրինակ, համար մեկ տան շունն էր, ու նվիրվածությամբ պահպանում էր նրա բնակիչներին՝ ջերմեռանդորեն հաչելով ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անցնում էր այն մյուս իննսունութ տներից մեկի ինչ-որ բնակիչ` տղամարդ, կին կամ երեխա:
Նույնը անում էին մյուս իննսունութ շները, որոնք հաչում էին գիշեր-ցերեկ, քանզի ճանապարհով միշտ էլ մարդիկ էին անցնում:
Մի ուրիշ օրինակ. պարոնը, որ ապրում էր համար 99 տանը, աշխատանքից տուն վերադառնալով, պետք է անցներ բոլոր մյուս իննսունութ տների առջևով, և ուրեմն, նաև իննսունութ շների առջևով, որ հաչում էին նրա վրա ճաղի այն կողմից, բացելով երախները ու հասկացնելով, թե հաճույքով իրենց ժանիքները կխրեին նրա ոտքերի մեջ: Նույնը տեղի էր ունենում մյուս տների մյուս բնակիչների հետ, ու ճանապարհին որևէ մեկը մշտապես վախեցած վիճակում էր: Հապա պատկերացրե՛ք, երբ օտարական էր հայտնվում: Այդ ժամանակ, բոլոր իննսունինն էլ հաչում էին միաբերան, իննսունինը տնային տնտեսուհիներ դուրս էին գալիս նայելու, թե ինչ էր կատարվում, հետո փութկոտորեն մտնում էին տուն, ամուր կողպում էին դուռը, արագ-արագ փակում էին շերտավարագույրները ու մնում էին լուռ ու մունջ, պատուհանների ետևում՝ մինչև որ օտարականը հեռանար:
Այդ երկրի բոլոր բնակիչները անընդհատ շների հաչոց լսելուց մի քիչ խլացել էին, ու իրար հետ խոսում էին հազվադեպ: Ասենք, երբեք էլ մի մեծ բան չէի ունեցել իրար ասելու կամ լսելու:
Հետզհետե, միշտ այդպես լուռ ու մռայլ մնալով` նրանք ետ վարժվեցին նաև խոսելուց: Ու ի վերջո, այնպես եղավ, որ տան տերերը իրենց շների նման սկսեցին հաչել :
Նրանց գուցե և թվում էր, թե իրենք խոսում էին, բայց երբ բացում էին բերանները, լսվում էր «հա՛ֆ-հա՛ֆ»-ի նման մի բան, որից մարմինդ փշաքաղվում էր:
Ու այդպես, հաչում էին շները, հաչում էին տղամարդիկ ու կանայք, երեխաներն էին հաչում, երբ խաղում էին, ու իննսունինը տները, թվում էր, դարձել էին իննսունինը շնաբներ:
Բայց գեղեցիկ էին, ապակիների ետևում մաքուր վարագույրներ էին կախված, իսկ լուսամուտների գոգերին մինչև անգամ խորդենիներ էին դրված:
Մի անգամ , այդ երկիրը եկավ Ջովանինոն, իր հանրահայտ ճանապարհրոդություններից մեկի ժամանակ:
Իննսունինը շները նրան ընդունեցին խմբակային հաչոցով: Նա մի կնոջից մի բան հարցրեց ու կինը նրան պատասխանեց հաչելով: Նա հաճոյախոսություն ասաց մի երեխայի ու որպես պատասխան լսեց ոռնոց:
-Հասկացա ,-եզրակացրեց Ջովանինոն: -Համաճարակ է:
Մտան քաղաքապետի մոտ, ու նրան ասաց .
-Ես մի հուսալի միջոց գիտեմ ձեր այս համաճարակի դեմ: Նախ, վերացրե՛ք բոլոր ճաղերը. այդպես պարտեզներն ավելի լավ կաճեն, առանց ճաղապատ ցանկապատ- երի: Երկրորդ, շներին տարե՛ք որսի, այդպես ավելի լավ կզվարճանան ու ավելի սիրալիր կդառնան: Երրորդ, կազմակերպե՛ք մի գեղեցիկ պարահանդես, ու առաջին վալսից հետո, անպայման կսովորեք նորից խոսել:
Քաղաքապետը նրան պատասխանեց.
-Հա՛ֆ, հա՛ֆ:
-Պարզ է, -ասաց Ջովանինոն,-ամենածանր հիվանդը նա է, ով կարծում է, թե ինքը միանգամայն առողջ է:
Ու գնաց:
Գիշերները, եթե լսեք , որ շատ շներ միասին հաչում են հեռվում, կարող է պատահել, որ իսկապես շներ լինեն, բայց կարող է պատահել նաև, որ լինեն այդ տարօրինակ, փոքրիկ երկրի բնակիչները:

Երիտասարդ խեցգետինը

Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.-Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի միջև, ու առաջին օրերը դա շատ հոգնություն պատճառեց իրեն. ամենուր զարնվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց, քիչ-առ քիչ, գործերը հաջող գնացին, քանզի ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե իսկապես ուզենաս:
Երբ արդեն շատ վստահ էր իր վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
-Հապա նայե՛ք:
Ու մի հոյակապ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, — լաց եղավ նրա մայրը,-Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Նրա եղբայրները սակայն, միայն փռթկացնում էին:
Հայրը առժամանակ խստորեն նրան նայեց, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում է ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Թե ուզում ես համառել, գետը մեծ է.գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:
Քաջարի խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր արդարացիության մեջ, որպեսզի կասկածներ ունենար.նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:
Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կնանիք, հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեցե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվում եմ, եթե կարող եք;
-Էլ հարգանք չի՛ մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ, հենց այստեղ պիտի ասել, իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.
-Բարի՛ օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենք դա չգիտենք, քանզի նա դեռ շարունակում է քայլել այն նույն քաջարիությամբ ու վճռականությամբ, ինչ առաջին օրը: Միայն կարող ենք նրան ի սրտե հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:
Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:
-Իսկ հիմա, ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճնապարհորդում էին, ճանապարհորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս՝պտտվելով ի շրջանս յուրյանց, կարուսելի ձիուկների պես: